Լևոն Արոնյանը պատմել է, թե երբ կտեղափոխվի ԱՄՆ. Նա Հայաստանից կհեռանա այս տարվա օգոստոսին
Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը Հայաստանից կհեռանա այս տարվա օգոստոսին: Այդ մասին 38-ամյա գրոսմայստերը հայտնեց լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր մայիսի 8-ին մեկնարկել էր հանդիպում Լևոն Արոնյանի հետ: Հանդիպման նախաձեռնողներն էին Արոնյանը և նրա ընկերուհի Անիտա Այվազյանը:
Պատանի շախմատիստների հետ հանդիպմանը հայ գրոսմայստերը հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին: ԱՄՆ տեղափոխությունից առաջ Արոնյանը ցանկանում է հնարավորությունների չափով իր փորձը փոխանցել ապագա շախմատիստներին: Հանդիպման մեկնարկից առաջ նա խոսեց նախաձեռնության նպատակի եւ ԱՄՆ տեղափոխվելու ծրագրերի մասին:
«Տեղափոխությունս, երեւի, տեղի կունենա օգոստոսին, երբ վերջացնեմ մրցաշարերս Եվրոպայում: Այս ընթացքում մրցաշարերը շատ են, այդ պատճառով հնարավորություն չի լինում շատ հանդիպումներ ունենալ երեխաների, ապագա շախմատիստների հետ: Քանի որ այլևս չեմ ապրելու Երեւանում, ես եւ Անին որոշեցինք կազմակերպել նման հանդիպում, որտեղ ես երեխաներին շախմատի մասին կպատմեմ, կկիսվեմ իմ փորձով, իմ գիտելիքներով:
Ժամեր անց նման հանդիպում կանցկանցնեմ նաեւ երիտասարդների եւ մեծահասակների հետ: Այս նախաձեռնությունն ինձ կօգնի զգալ, որ իմ գործը Հայաստանի շախմատում շարունակվում է: Այնպես չի լինելու, որ ես Հայաստանից մեկնեմ ու ձեռքս բաց թողնեմ հայկական շախմատի վրայից, բայց հասկանալի է, որ ամեն օր չեմ կարող լինել շախմատի տանը: Խորհուրդներ կտամ, հարց ու պատասխան կունենանք»,- ասաց գրոսմայստերը:
Լևոն Արոնյանի հետ հանդիպմանը ներկա էին մեծ թվով պատանի շախմատիստներ, երեխաներ, որոնք սիրում եւ խաղում են շախմատ: Հանդիպումն առանց ծնողների էր եւ անցնում է ջերմ մթնոլորտում: Նախքան շախմատի դասախոսությանն անցնելը նա պատմեց իր շախմատային կյանքի պատմությունը, եւ թե ինչպես փոքրիկ Լեւոնը սիրեց շախմատն ու դարձավ շախմատիստ:
«Երևանի շախմատի տունն ինձ համար ասես մի սուրբ վայր լինի: Տիգրան Պետրոսյանի «աչքի տակ» շախմատ խաղալն իմ ամենասիրելի զբաղմունքն է եղել: Փոքր տարիքում բախտս շատ է բերել: Ընտանիքի երկրորդ երեխան էի: Մայրս նվիրված էր իր երեխաներին եւ փորձում էր լավագույնը սովորեցնել մեզ: Այդպես ծնողներս որոշել էին, որ քույրս պետք է երաժիշտ դառնա: Շատ էին տանջում նրան, իսկ քույրս չուզելով էր զբաղվում երաժշտությամբ: Այդ զգացողությունն իմ մեջ պահպանվել է. հիշում եմ, որ նա չէր ուզում մարզվել, բայց ծնողներս ցանկանում էին: Արդյունքում՝ քույրս երաժիշտ չդարձավ: Այդ իրավիճակը դրական անդրադարձ ունեցավ ինձ համար: Հենց այստեղ էր բախտս բերել, որ ես երկրորդ երեխան էի: Ծնողներս ինձ արդեն չէին տանջում, եւ ես զբաղվում էի այն ամենով, ինչը սիրում էի: Իսկ ես սիրում էի շախմատ, լարվածություն ինձ վրա չէի զգում: Փոքր տարիքում շատ է հանդիպում, երբ ծնողները երեխաներին ասում են՝ սա անպայման պետք է անես, բայց երեխան չի ուզում անել: Ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Մեծ հաճույքով խաղում էի: Շախմատի առումով էլ է իմ բախտը բերել: Մարզիչս շատ ուժեղ էր: Ապրում էր մեր տանը: Շատ էի մարզվում, շատ արագ ուժեղացա»,- պատմեց Լևոն Արոնյանը:
Արոնյանը երեխաներին խորհուրդ տվեց լավ շախմատիստ դառնալու համար նվիրվել:
«Եթե դուք որոշել եք շախմատիստ դառնալ, պետք է իմանաք, որ շախմատը տրամաբանության մի մասն է: Շախմատում չկա նման իրավիճակ, որ պահի տակ մի բան թռցնես, մրցակիցը չնկատի ու դու հաղթես: Շախմատում հաղթում է այն մարդը, որը նվիրված է, ժամերով մարզվում է, խաղի ժամանակ չի թուլանում: Եթե ոմանք էլ շախմատիստ չդառնան, միեւնույն է՝ շախմատը շատ է օգնելու կյանքում ճիշտ քայլել: Ինձ այն սովորեցրել է տեսնել սեփական սխալներս եւ ընդունել դրանք, փորձել մրցման մեջ ոչ մի սայթաքում չունենալ. նույն էլ կյանքում է»,- նշեց Լեւոն Արոնյանը:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը այս տարվա փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր Հայաստանից հեռանալու եւ առաջիկայում ԱՄՆ հավաքական տեղափոխվելու որոշման եւ դրանց պատճառների մասին: Հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Տեսանյութը՝ News.am