ԱՄՆ-ում իրանցուն մեղավոր են ճանաչել ռազմական բաղադրիչների արտահանմանը ներգրավվածության համար. նրան սպառնում է շուրջ 35 տարվա ազատազրկում
ԱՄՆ Տեխաս նահանգի Արևելյան շրջանի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարիին ԱՄՆ-ից մի շարք բաղադրիչներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, ստանալու և արտահանման հարցում ներգրավվածության համար:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Գերատեսչության տվյալներով՝ 39-ամյա Անսարին, որին է պատկանում Gulf Gate Sea Cargo LLC տրանսպորտային ընկերությունը, ամերիկյան 63 ընկերություններից իր հանցակիցների պատվիրած բաղադրիչների տեղափոխման հարցում օգնություն է ցուցաբերել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ այդ ռազմական բաղադրիչները, բացի քաղաքացիական նպատակներից, կարող էին օգտագործվել նաև որպես միջուկային զենք, հրթիռների ուղղորդման համակարգեր և այլն:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ արդարադատության նախարարության պնդմամբ՝ 2007-2011 թվականներին փորձելով ձեռք բերել ավելի քան 105 հազար բաղադրիչ՝ մոտ 2,6 միլիոն դոլար արժողությամբ, հանցագործները չեն տեղեկացրել ամերիկացի մատակարարներին պատվիրված ապրանքներն Իրան ուղարկելու իրենց ծրագրերի մասին և չեն ստացել այդ արտահանման համար անհրաժեշտ արտոնագիր:
Անսարիի գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 1-ին: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում Իրանի հետ առևտրային կանոնները խախտելու համար, ինչպես նաև մինչև 5 տարի ազատազրկում`էլեկտրոնային խարդախության համար, ևս 5-ական տարի՝ ԱՄՆ գանձապետարանի դեմ խարդախության փորձի և կեղծ ցուցմունքներ տալու համար: