ՆԱՍԱ-ի Ingenuity ուղղաթիռը ռեկորդային բարձրության վրա նոր վայր է թռչել և Մարսից գունավոր լուսանկարներ ուղարկել (տեսանյութ)
Ingenuity ուղղաթիռը Մարսի վրա առաջին անգամ նոր վայր է թռչել՝ հաջողությամբ ավարտելով իր հինգերորդ թռիչքը, հայտնում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ):
Նշվում է՝ Մարսի վրա ուղղաթիռի նախորդ՝ չորրորդ թռիչքը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին: Այդ ժամանակ սարքը կարողացել էր թռչել ավելի հեռու և արագ, քան երբևէ, և ավելի շատ լուսանկարներ անել, քան նախկինում:
«ՆԱՍԱ-ի Ingenuity մարսյան ուղղաթիռն իր հինգերորդ միակողմանի թռիչքն է իրականացրել Կարմիր մոլորակի վրա՝ Ռայթ եղբայրների դաշտից 129 մետր հարավ ուղղությամբ», - ասված է ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ:
Նոր վայր հասնելուց հետո սարքը ռեկորդային բարձրության՝ 10 մետրի վրա է եղել: Նման բարձրության շնորհիվ ուղղաթիռին հաջողվել է լուսանկարել մարսյան տեղանքը և դրա գունավոր պատկերներն ուղարկել Երկիր:
Այժմ, ըստ վարչության, սարքը սկսում է գործողությունների նոր փուլ և կիրականացնի հետախուզական և օդային հսկողություն: Perseverance մարսագնացը, որը կզբաղվի գիտական հետազոտություններով և նմուշների հավաքագրմամբ, շարժվում է «դեպքի վայր»: