Ավստրալիայում զույգը 2 շներին փորձել է բուսակեր դարձնել, ինչի պատճառով կենդանիները հյուծվել են, իսկ նրանցից մեկը` քնեցվել (լուսանկար)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում բնակվող բուսակեր (վեգան) զույգը երկու շուն է որդեգրել և նրանց համար հատուկ սննդակարգ սահմանել, որը չի պարունակել միս և կենդանական ծագման որևէ սնունդ: Նրանց քայլի հետևանքով կենդանիների մոտ գերուժասպառություն է առաջացել, որի պատճառով քոթոթներից մեկին անասնաբույժները ստիպված են եղել քնեցնել, գրում է ABC-ն:
Նշվում է, որ երկրում գործող կենդանիների պաշտպանության մարմինները սկզբից ևեթ կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ: Ընտանիք կատարած իրենց այցելություններից մեկի ժամանակ ծառայության ներկայացուցիչները նկատել են, որ երկու քոթոթներն էլ զգալիորեն փոքր են իրենց հասակակիցներից և դժվարանում են քայլել: Բացի այդ, շներից մեկի թաթը վնասված է եղել:
Զույգը դա բացատրել է նրանով, որ Ռու անունով շունն ընկել է բազմոցից: Երիտասարդները ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել են կենդանուն տեղափոխել կլինիկա և թաթը փորձել են բուժել՝ դրա վրա ինքնաշեն գիպս դնելով:
Մի քանի օր անց իրավապահները կրկին այցելել են զույգին, բայց քոթոթներն արդեն տանը չեն եղել: Երիտասարդները բաժանմունքի աշխատակիցներին ասել են, որ շները «գնացել են Աստծո մոտ», բայց հետո պարզվել է, որ նրանք ցանկացել են շներին թաքցնել կենդանիների իրավունքների պաշտպաններից:
Երբ քոթոթները հայտնաբերվել են, նրանց մոտ գերուժասպառություն է ախտորոշվել: Պարզվել է, որ տերերը շներին կերակրել են լոբիով, սագախոտով (քինուա), բրնձով և հացահատիկներով: Շներիին վերցրել են ընտանիքից և ուղարկել կլինիկա, որտեղ երկուսի մոտ ախտորոշվել է հյուծում և կալցիումի պակաս: Ռուին նույնիսկ ստիպված են եղել քնեցնել շատ լուրջ առողջական խնդիրների պատճառով, իսկ երկրորդ քոթոթի՝ Օլեի համար սկսել են նոր տուն փնտրել:
Նախկին տերերին հանձնարարվել է վճարել 8,6 հազար ավստրալական դոլար տուգանքը, դատական ծախսերը և վճար՝ անասնաբույժների աշխատանքի դիմաց: Բացի այդ, նրանք 3 տարով զրկվել են ընտանի կենդանիներ պահելու իրավունքից: