Սոֆիա. Օլիմպիական ուղեգրերի համար պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում մայիսի 9-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Արմեն Մելիքյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի մեքսիկացի Սամուել Միգուերասի հետ:
Կարեն Ասլանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով նորվեգացի Մորտեն Թորեսենի հետ:
Արթուր Շահինյանը որակավորման փուլում ուժերը կչափի մոլդովացի Գաբրրիել Լուպասկոյի հետ:
Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել ուկրաինացի Միկոլա Կուչմիի արգելքը:
Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում հանդես էին եկել Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չէին հասել:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):