ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները խնդրել են դանդաղեցնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը. The Wall Street Journal
Եվրոպացի դաշնակիցները պահանջում են, որ ԱՄՆ-ն հետաձգի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի շատ ժամանակ և աջակցություն ցուցաբերի երկիրը լքելու համար:
Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների խոսքերը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն պարտավորվել է սեփական զորքերի դուրսբերման ընթացքում նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել կոալիցիայի իր գործընկերներին: Այնուամենայնիվ, որոշ երկրներ նշել են, որ ժամանակին չեն կարողանա լքել Աֆղանստանը, և խնդրել են, որ ԱՄՆ զինված ուժերը երկրում մնան նաև հուլիսի 4-ից հետո:
Ավելի վաղ աֆղանական Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրների խոսքերը, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժումը քննարկում են հուլիսի սկզբին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտելու հնարավորությունը:
Wall Street Journal-ի տեղեկություններով՝ որոշ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը մինչ հուլիսի 18-ը: ԱՄՆ իշխանությունները պատասխանել են, որ գործողությունը կարող է հետաձգվել երկու շաբաթով կամ ավելի երկար՝ դաշնակիցների խնդրանքները կատարելու համար:
Անանուն պաշտոնյաների կարծիքով, մեկ այլ բարդություն է այն, որ Քաբուլի օդանավակայանում տարիներ շարունակ անվտանգություն ապահովող Թուրքիան տեղեկացրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որ իր զորքերը նույնպես կարող են դուրս բերվել: Նրանց կարծիքով, թուրքական ուժերի հնարավոր դուրսբերումը կարող է դրդել որոշ արևմտյան երկրների վերանայել իրենց ծրագրերը՝ երկրում նույնիսկ կրճատված դիվանագիտական կոնտինգենտները պահպանելու առնչությամբ: Օդանավակայանում անվտանգության ապահովման հնարավոր այլընտրանքներից են միջազգային վարձկանները, բայց, ինչպես նշում է թերթը, դժվար թե նրանք մնան առանց զորքերի, որոնք երաշխավորում են իրենց անվտանգությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2001 թվականին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները ռազմական գործողություն էին սկսել Աֆղանստանում: Այն իրականացվել է «Հաստատուն ազատություն» արշավի շրջանակում, որը պատասխան էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը: 2014 թվականին Աֆղանստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ստորագրել են անվտանգության համաձայնագրեր, որոնք դաշնակիցներին թույլ են տալիս պահպանել սահմանափակ քանակությամբ ռազմական ներկայություն երկրում: 2015 թվականի հունվարի 1-ից մարտական գործողությունը փոխարինվել է «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելությամբ:
2020 թվականին Միացյալ Նահանգները և «Թալիբան»-ը ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ավարտի մասին ազդարարող առաջին համաձայնագիրը, որը նախատեսում է օտարերկրյա զորքերի դուրսբերում այս տարվա մայիսին, երբ երկրում բռնություններն ավարտվեն: Ներկայում ընդհանուր առմամբ Աֆղանստանում կա ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ պետությունների 10 000-ից պակաս զորք, այդ թվում՝ 2,5 հազար ամերիկյան զորք: Նրանց հիմնական խնդիրն է կրթել և վերապատրաստել աֆղանական անվտանգության ուժերին: