ԱՄՆ-ում իրանցին մեղավոր է ճանաչվել ռազմական տեխնոլոգիաների արտահանման մեջ ներգրավվածության համար
Տեխասի Արեւելյան շրջանի ատենակալների կոլեգիան Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարիին մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ից այդ թվում նաեւ ռազմական նշանակության բաղադրիչների ստացման եւ արտահանման մեջ ներգրավվածության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
39-ամյա Անսարին, ում պատկանում է Gulf Gate Sea Cargo LLC տրանսպորտային ընկերությունը, իր հանցակիցների կողմից պատվիրված բաղադրիչների տեղափոխման հարցում օգնություն է ցուցաբերել ամերիկյան 63 ընկերություններին, որոնք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող էին օգտագործվել նաեւ միջուկային զենքում, հրթիռների ուղղորդման համակարգերում, ռադիոխանգարումների տեղադրման սարքերում: Ընդ որում, փորձելով 2007-ից 2011 թվականներին մոտ 2.6 միլիոն դոլարի ավելի քան 105 հազար դետալ ձեռք բերել, հանցագործները չեն տեղեկացրել ամերիկացի մատակարարներին պատվիրված ապրանքներն Իրան ուղարկելու իրենց պլանների մասին եւ չեն ստացել անհրաժեշտ լիցենզիա՝ այդ բաղադրիչների արտահանման համար:
Անսարիի դատավճիռը նշանակված է սեպտեմբերի 1-ին, նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում՝ Իրանի հետ առեւտրային կանոնների խախտման համար, մինչեւ հինգ տարի՝ էլեկտրոնային խարդախության համար, նույն պատժաչափը՝ ԱՄՆ ֆիննախի նկատմամբ խարդախության փորձի համար, եւ հինգ տարի՝ կեղծ ցուցմունքների յուրաքանչյուր դրվագի համար: