Թուրքիայում չեն շտապում հետաքննել քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի մահվան տարօրինակ հանգամանքները
Թուրքիայի ոստիկանությունը բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծում Բայրամ Մամեդովի մահվան հետաքննության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Ստամբուլի NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանովը, հայտնում է Turan-ը:
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան մահացածի հայրը՝ Ֆարման Մամեդովը, նրա ընկերներն եւ նրանց կողմից հրավիրված փաստաբանը եկել էին Ստամբուլի Քադիկոյ շրջանում գտնվող Իսքելեի ոստիկանական բաժանմունք: Այնտեղից նրանց ուղարկել էին Փորձագիտական կենտրոնի դիահերձարան: Մեկուկես ժամ այնտեղ պահելուց հետո նրանց թույլ էին տվել ներս մտնել եւ հնարավորություն էին ընձեռել տեսնել Բայրամի դին:
Ըստ Էլգիզ Գահրամանովի՝ ոստիկանությունը հայտնել է, որ քննիչն ուսումնասիրում էր Բայրամի երթուղով տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Հիշեցնենք, որ NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովին մահացած էին գտել մայիսի 2-ին ծովում:
Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը լայնորեն հայտնի դարձան այն բանից հետո, երբ 2016-ի մայիսի 9-ին քաղաքական կարգախոսներով ծածկեցին Հեյդար Ալիեւի հուշարձանը Բաքվում: Մի քանի օր անց նրանք ձերբակալվեցին եւ դատապարտվեցին, սակայն՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: «Շնորհավոր ձեր տոնը, ստրուկներ» եւ «Fuck the system» գրառումները նրանց 10 տարվա ազատազրկում արժեցան:
Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նրանք մեղավոր ճանաչվեցին եւ բանտ նստեցին: 2019-ի մարտին նրանց ներում շնորհվեց: