Ոչ բոլոր տատիկներն են տանը նստում և գուլպաներ գործում. ՌԴ-ում 80-ամյա երկրաբանը մոդելային կարիերա է սկսել
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Կորինկո քաղաքի բնակչուհի Կլաուդիա Կոնրադին, որն ամբողջ կյանքում երկրաբանի աշխատանք է կատարել, 80 տարեկանում դարձել է մոդել, հայտնում է Life.ru լրատվականը։
Կոնրադիի թոռնուհու՝ Եկատերինա Ռեյշի պնդմամբ՝ կինը միշտ էլ շատ նորաձև է եղել և նրան պարզապես տատիկ կոչել հնարավոր չէ։
«Նա միշտ կրել է բերետ կամ գլխարկ, քաղաքում շրջել է ջինսերով, թատրոն գնացել` զգեստով», - ասել է Ռեյշը։
Թոռնուհու նախաձեռնությամբ, որը երկար ժամանակ մտածում է տատիկին մոդել դարձնելու մասին, Կոնրադին ժամանել է Չելյաբինսկ և մասնակցել մի քանի նկարահանումների։
Հետաքրքրական է, որ նախքան մոդելի կարիերա սկսելը, կինն առաջատար մասնագետ է եղել երկրաբանական թիմում։
Խոսելով նոր հոբիի մասին՝ Կոնրադին ասել է․ «Չորս տարի է, ինչ հեռուստացույց չեմ դիտում: Ինձ շրջապատող աշխարհը շատ ավելի հետաքրքիր է, և ես ուզում եմ ուսումնասիրել այն. գնալ թատրոններ, թանգարաններ և զբոսնել քաղաքում: Ես մտածում եմ արշավի գնալ: Ուստի, երբ Կատյան առաջարկեց ուժերը փորձել մոդելավորման ոլորտում, համաձայնեցի: Ես ուզում էի ցույց տալ, որ ոչ բոլոր տատիկներն են տանը նստում և գուլպաներ գործում և կենսաթոշակային տարիքում կարող ես այլ կերպ ապրել»։
Կինը մոդելային ասպարեզում մեծ կարիերայի ծրագրեր ունի և արդեն մի շարք ընկերություններ ցանկացել են նկարահանել նրան։