Բաքվում շտապօգնության բժիշկները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացրել` հավելավճար պահանջելով կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
Բաքվի շտապօգնության 7-րդ, 8-րդ և 9-րդ կայանների բուժաշխատողները մի քանի ժամ դադարեցրել են աշխատանքը՝ բողոքելով կորոնավիրուսով հիվանդների բուժման համար հավելավճար չստանալու դեմ: Այս մասին տեղեկացնում է Meydan TV հրատարակությունը:
Բժիշկները մայիսի 6-ի երեկոյան և 7-ի առավոտյան հավաքվել են Բինագադի շրջանում գտնվող շտապօգնության 9-րդ կայանի մոտ: Բժիշկների հետ հանդիպել է գլխավոր բժիշկ Ռաուգ Նաղիևը:
Բժիշկներից մեկը, որը չի ցանկացել նշել իր անունը, Meydan TV-ին ասել է, որ իրենց 3 ամիս է, ինչ չեն վճարում:
«Որոշ բժիշկների քարտային հաշիվներին 20-ական մանաթ է փոխանցվել, դա ծաղր է բժշկի նկատմամբ: Մենք մեր կյանքն ենք վտանգում»,-ասել է բժիշկը:
Բժիշկն ասել է, որ չկա մի հաստատություն, որին իրենք չեն դիմել, բայց ոչ ոք նրանցով չի հետաքրքրվում:
«Նրանք մեզ հետ վարվում են այնպես, կարծես օգնություն ենք ուզում: Համավարակի ընթացքում շտապօգնությունը գործում է Առողջապահության նախարարության տրամադրության տակ, բայց աշխատավարձերն ու հավելավճարները պետք է վճարի Պարտադիր բժշկական ապահովագրության գործակալությունը: Մենք ուզում ենք դիմել դատարան, բայց կայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նաղիևը ոչ մի փաստաթուղթ չի տրամադրում բժիշկներին: Պատճառն այն է, որ Ռամիլ Բայրամլըն նշանակվելուց մի քանի օր անց փորձել է հեռացնել Ռաուֆ Նաղիևին, բայց դա կանխել է առողջապահության նախկին նախարար Օգթայ Շիրալիևը: Նա չի ցանկանում կորցնել գլխավոր բժշկի պաշտոնը»:
Բժիշկը նաև ասել է, որ շաբաթ, կիրակի և տոնական օրերին ստիպված էին տաքսիով աշխատանքի գալ, քանի որ տրանսպորտը չի գործում, բայց դա հաշվի չի առնվել աշխատավարձ վճարելիս:
Գլխավոր բժիշկ Նաղիևն էլ իր հերթին բժիշկներին ասել է, որ այն պարագայում, երբ պոլիկլինիկաներն էլ են սկսել թեստավորել և շտապօգնության վրա ընկած ծանրաբեռնվածությունը նվազել է, ճիշտ չէ դադարեցնել աշխատանքը:
Նշվում է, որ ներկայում բժիշկները անցել են աշխատանքի և կրկին պատասխանում են զանգերին: