ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով ռազմական օդանավեր է ուղարկել տարածաշրջան
Միացյալ Նահանգներն Աֆղանստանից զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով լրացուցիչ ռեսուրսներ է գործի դրել, հայտնում է BBC լրատվականը։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գրեթե 20 տարի է ներկա են Աֆղանստանում և զորքերի դուրսբերման վերջնաժամկետը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է սեպտեմբերի 11-ը։
Հայտնի է սակայն, որ աֆղանական «Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ այլևս չի պարտավորվում պահպանել միջազգային զորքերը չթիրախավորելու մասին համաձայնագիրը։ Վերոնշյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամերիկյան զորքերի դուրսբերումը մինչև 2021 թվականի մայիսի 1-ն ավարտելու մասին որոշումից հետո։
Այժմ ամերիկացի 2500 զինծառայողի և 16 հազար պայմանագրայինի դուրսբերման ապահովման նպատակով տեղակայվել է 6 B-52 ռմբակոծիչ և 12 F-18 կործանիչ։
Ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Մարկ Միլին ասել է, որ մինչև մայիսի 1-ը, հակառակ նրան, որ թալիբներն օրական 80-ից 120 հարձակում են իրականացրել Աֆղանստանի կառավարության թիրախների ուղղությամբ, ԱՄՆ-ի գլխավորած կոլաիցիոն ուժերի դեմ հարձակումներ չեն իրականացվել։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում պատերազմը սկսվել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած խոշոր ահաբեկչական ակտից հետո, որի համար Միացյալ Նահանգները պատասխանատու է համարել Բեն Լադենին։ Աֆղանստանի այն ժամանակվա իշխանությունը՝ հանձինս թալիբների, հրաժարվել են հանձնել Բեն Լադենին և մեկ ամիս անց ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածներից սկսվել է պատերազմը։ Երբ մյուս երկրները միացել են պատերազմին, թալիբներն արագ հեռացվել են իշխանությունից, սակայն ավելի ուշ նրանց ազդեցությունը նորից աճել է երկրում։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ամերիկյան զորքերի դուրսբերումը արդարացված է համարում, քանի որ ամերիկյան ուժերը համոզվել են, որ երկիրը չի կարող կրկին հենակետ դառնալ օտարերկրյա ջիհադիստների համար՝ Արևմուտքի դեմ դավադրություններ կազմակերպելու նպատակով։