«Շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց». Կանադայի ԱԳՆ-ն հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանին
Կանադայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է օրերս Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակման թեմային:
«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նմանաբնույթ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը:
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող երեք հայ անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- շեշտել էր Բլինկենը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:
Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:
Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։
Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի:
Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ: