ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ
ԱՄՆ-ն մտադիր է ապասառեցնել Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների մի մասը, որը, սակայն, իսլամական երկրի ղեկավարությունը կկարողանա օգտագործել միայն մի նպատակով:
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է CNN-ը:
Ըստ այդմ, ԱՄՆ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը վերագործարկելու շուրջ բանակցությունների ֆոնին, քննարկում է 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, որն Իրանի իշխանությունները կարող են օգտագործել միայն մարդասիրական նպատակներով:
«Հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մենք իրանական ակտիվների ապասառեցումը դիտարկում ենք որպես Թեհրանի համար միակողմանի ժեստ, իրականությանը չեն համապատասխանում ... Ինչպես ավելի վաղ ասել ենք, ԱՄՆ ցանկացած իմաստալից քայլ պետք է լինի գործընթացի մաս, որում ներգրավված են երկու կողմերը», - գրել է Փրայսն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ մի քանի շաբաթ շարունակ Ավստրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել Իրանի հետ միջուկային գործարքի հանձնաժողովի կանոնավոր դեմ առ դեմ ձևաչափով պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ: Մինչ օրս ստեղծվել է երեք աշխատանքային խումբ, որոնցից երկուսը՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների վերացման և միջուկային խնդրի վերաբերյալ կոնկրետ քայլերի կարիք ունեն, որոնք պետք է ձեռնարկվեն Թեհրանի և Վաշինգտոնի կողմից միջուկային գործարքն ամբողջությամբ վերականգնելու համար: Երրորդ փորձագիտական խմբի խնդիրն է համաձայնեցնել այս քայլերի հաջորդականությունը:
Իրանի հետ միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է անցած երեքշաբթի: Հաջորդ հանդիպումը նախատեսված է այսօր՝ մայիսի 7-ին: