ԱՄՆ-ն ավելի մեծ վտանգ է ներկայացնում ժողովրդավարությանը, քան ՌԴ-ն կամ Չինաստանը. The Guardian
53 երկրում անցկացված հարցումների մասնակիցների մեծամասնությունը հավատում է ժողովրդավարության արժեքին, իսկ որպես հիմնական սպառնալիք համարում է տնտեսական անհավասարությունն ու խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ազդեցությունը, գրում է The Guardian-ը:
ԱՄՆ-ն բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ փորձելով իրեն ներկայացնել որպես «ժողովրդավարության գերագույն պահապանը» ամբողջ աշխարհում: Այդ մասին են վկայում 53 երկրից 50 հազար մարդու շրջանում «Ժողովրդավարությունների Ալյանս» հիմնադրամի պատվերով անցկացված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ շատ մարդիկ ԱՄՆ-ն տեսնում են որպես ժողովրդավարության համար ավելի լուրջ սպառնալիք, քան Ռուսաստանը կամ Չինաստանը:
Նշվում է՝ 53 երկրից հարցվածների գրեթե կեսը (44%) մտահոգություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները սպառնում է իրենց երկրներում ժողովրդավարությանը: Մինչդեռ հարցվածների միայն 38 տոկոսն է հայտնել, որ վախենում է Չինաստանի ազդեցությունից, իսկ 28 տոկոսը խոստովանել է, որ վախենում է Ռուսաստանի ազդեցությունից:
Անցյալ տարվա համեմատությամբ Միացյալ Նահանգների՝ որպես ժողովրդավարությանը սպառնալիք ընկալումն ամբողջ աշխարհում զգալիորեն աճել է, և այդ ցուցանիշը +6-ից դարձել է +14: Աճը հատկապես բարձր է եղել Գերմանիայում (+20) և Չինաստանում (+16):Հարցվածների խոսքով՝ այդտեղ որոշիչ գործոն են և հիմնական սպառնալիք են տնտեսական անհավասարությունն ու խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ազդեցությունը:
Բացի այդ, The Guardian-ը նշում է՝ երկրները, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը բացասական է վերաբերվում ԱՄՆ ազդեցությանը, Ռուսաստանը և Չինաստանն են, որոնց հաջորդում են եվրոպական ժողովրդավարական երկրները: