Լիխտենշտեյնի արքայազնը կասկածվում է ԵՄ տարածքի «ամենամեծ» արջին սպանելու համար (լուսանկարներ)
Բնապահպանները կասկածներ ունեն, որ Լիխտենշտեյնի արքայազնը Ռումինիայում սպանել է ԵՄ տարածքում բնակվող, հավանաբար, ամենամեծ արջին, հայտնում է BBC լրատվականը։
Նշվում է, որ Արթուր անունով արջը, որի սպանության համար կասկածվում է Լիխտենշտեյնի արքայազն Էմանուելը, 17 տարեկան որձ էր։
Մինչ հիմա BBC-ն չի կարողացել կապ հաստատել արքայական ընտանիքի հետ, սակայն թագաժառանգի գրասենյակը AFP լրատվական գործակալությանն ասել է, որ դեպքի վերաբերյալ տեղեկություն չունի` ընդգծելով, որ ընտանիքը միշտ հավատարիմ է եղել էկոլոգիական և սոցիալական կայունությանը։
Ռումինիայի ազգային բնապահպանական ծառայությունը գործի առթիվ հետաքննություն է սկսել։ Նշվում է, որ արքայազնը որս անելու իրավունք չի ունեցել, սակայն ավելի ուշ տարածվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ արքայազնին թույլ է տրվել մարտ ամսվա մի քանի օրվա ընթացքում որս անել։ Դրանում նաև Արթուրի սպանության մասին մանրամասներ կան:
2016 թվականին Ռումինիայում ընդունվել է օրենք, որի համաձայն` արգելվում է սպանել վայրի բնության ներկայացուցիչներին, եթե դրանք վնաս չեն հասցնում բնակչությանը։ Այժմ բնապահպանները մտահոգվում են արջերի վերարտադրության համար, քանի որ Արթուրը տարածաշրջանում արջերի բազմացման գործում կենտրոնական դեր է ունեցել:
Ռումինիայի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության ղեկավար Օկտավիան Բերսեանուն ասել է, որ անցյալ շաբաթ հետաքննություն է սկսվել Արթուրի սպանության հարցով։