Եթե Բայդենը մեկնի Բաքու, ամենայն հավանականությամբ, դա կվիրավորի Հայաստանին․ Politico-ն հայտնել է Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր վայրերը` չբացառելով նաև Բաքուն
ԱՄՆ նախկին պաշտոնյաները չեն բացառում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում․ նրանք նաև հավանական են համարում Իսլանդիայում, Սլովենիայում կամ Ադրբեջանում հանդիպումը, գրում է Politico թերթը:
Ապրիլին Չեխիայի առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը, որն այդ ժամանակ նաև կատարում էր երկրի ԱԳ նախարարի պարտականությունները, հայտնել էր՝ Մոսկվայում և Վաշինգտոնում երկրի դեսպաններին հանձնարարել է առաջարկել ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովն անցկացնել Պրահայում: Ընդ որում, հայտարարությունն արվել էր Չեխիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական սկանդալից մի քանի օր առաջ։
Ինչպես գրում է թերթը, ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները հայտարարում են` որպես երկու նախագահների հանդիպման վայր չի կարելի բացառել նաև Ռեյկյավիկը, Լյուբլյանան և Բաքուն։
Politico-ն հիշեցնում է, որ 1986 թվականին Ռեյկյավիկում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հանդիպումը։
2001 թվականին Սլովենիայում տեղի են ունեցել Պուտինի և ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի առաջին բանակցությունները։
«Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի հետ, բայց հավանականությունը, որ Բայդենն այնտեղ կգնա, քիչ է։ Պատճառներից մեկն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն է»,- գրում է թերթը։
Politico-ի դիտարկմամբ՝ «Բայդենի այցը Բաքու, ամենայն հավանականությամբ, կվիրավորի Հայաստանին, ինչպես նաև հայկական ծագում ունեցող շատ ամերիկացիների»։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Պուտինին առաջարկել է այս ամռանը բարձր մակարդակով հանդիպում անցկացնել եվրոպական երկրներից մեկում՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Բայդենը հայտարարել է, որ Պուտինի հետ հույս ունի հանդիպել հունիսին։