ԱՄՆ-ում գրանցվել է վերջին 50 տարվա ընթացքում ծնելիության մակարդակի ամենամեծ անկումը
ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 4 տոկոսով, որն ամենամեծ անկումն է վերջին կես դարի ընթացքում:
Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով կառավարության զեկույցի տվյալները:
Նշվում է՝ ծնելիության մակարդակը նվազել է բոլոր հիմնական ռասաներին և էթնիկ խմբերին պատկանող մայրերի, ինչպես նաև գրեթե բոլոր տարիքային խմբերի շրջանում:
Երիտասարդ կանանց շրջանում ծնելիության մակարդակը տարիներ շարունակ նվազում է, քանի որ շատերը հետաձգում են «մայրության բերկրանքը վայելելու պահը»: Թեև մինչ 2020-ն այդ միտումը 30-ից 40 տարեկան կանանց շրջանում մի փոքր աճել էր, բայց անցյալ տարի այն դարձյալ նվազել է:
«Ժամանակին ԱՄՆ-ն այն քիչ զարգացած երկրներից էր, որտեղ յուրաքանչյուր կնոջ համար 2,1 երեխայից բարձր ծնելիության մակարդակ էր արձանագրվում»,- նկատում է AP-ն և հավելում՝ այնուամենայնիվ, այդ ցուցանիշն ավելի քան 10 տարի անընդմեջ նվազում էր, իսկ անցյալ տարի այն անկում է ապրել և հասել մոտավորապես 1,6-ի, որը Նահանգներում երբևէ արձանագրված ամենացածր մակարդակն է:
Փորձագետների կարծիքով, անցյալ տարվա զգալի անկման պատճառը մեծ մասամբ կորոնավիրուսային համավարակն է: Գործակալությունը նշում է, որ COVID-19-ի և դրա ֆոնին առաջ եկած տնտեսական հետևանքների առնչությամբ անհանգստությունը շատ զույգերի մոտ կասկած է առաջացրել՝ արդյոք ճիշտ ժամանակն է երեխա ունենալու համար: