Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրել է «սադրանքի» համար` ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ անելով չխառնվել թուրք–հունական վեճին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Լիբիայից վերջերս վերադարձած թուրքական բանակի սպաների հետ խոսելիս, «խայթել է» Հունաստանին և Կիպրոսին, հայտնում է Greek City Times թերթը։
Խոսելով Հունաստանի և Թուրքիայի միջև վերջին ամիսներին առկա լարվածության մասին՝ Աքարը մեղադրել է Հունաստանին՝ Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում սադրիչ գործողություններ անելու համար և շեշտել, որ Թուրքիան թույլ չի տա, որ տարածաշրջանում իր «իրավունքները» ոտնահարվեն:
«Ցավոք հունական կողմը միշտ մարտահրավերներ է առաջ բերում, սրում ճգնաժամը, անհարգալից վերաբերմունք դրսևորում միջազգային իրավունքի նկատմամբ և սպառնալից հռետորաբանություն կիրառում։ Մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տա որևէ կերպ խախտել մեր իրավունքները՝ անկախ նրանից, թե որքան են փորձում սադրել», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Աքարը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրոպական Միությանը չխառնվել թուրք–հունական վեճին։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է երկխոսությանը, սակայն եթե անտարբերություն կա երկխոսության և Թուրքիայի իրավունքների նկատմամբ, ապա նրանք վճռական են տրամադրված իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։
Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ Աքարը հաստատել է Անկարայի կայուն դիրքորոշումը Կիպրոսում թուրքական ինքնիշխան և անկախ պետության նկատմամբ։
«Այլ լուծում չկա», - ասել է Աքարը։