Թրամփը նոր հաղորդակցային հարթակ է գործարկել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդակցման նոր հարթակ է գործարկել, որը տեղեկատվություն է տրամադրելու «անմիջապես ԱՄՆ-ի նախկին նախագահի սեղանից», հայտնում է BBC լրատվականը։
Հիշեցնենք, որ հունվարին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո Twitter-ի, Facebook-ի և YouTube-ի հարթակներում նրա պաշտոնական էջերն արգելափակվել էին, որից հետո Դոնալդ Թրամփն իր հայտարարությունները տարածում էր մամուլի հաղորդագրությունների միջոցով և դրանք այժմ ներկայացվելու են նոր հարթակում։ Օգտատերերը կկարողանան հավանել հաղորդագրությունները և տարածել դրանք թվիթերյան և ֆեյսբուքյան հարթակներում։ Այնուամենայնիվ, Թրամփի նոր կայքը սոցիալական չի լինի, ինչպես որ հաղորդվում էր նախկինում:
Հարթակը գործարկվել է Facebook-ի վերստուգիչ հանձնաժողովի կողմից Դոնալդ Թրամփի մուտքը սոցիալական ցանց վերջնականապես արգելելու մասին որոշումից առաջ։ Տվյալ որոշումը կհրապարակվի այսօր:
Ըստ հաղորդված տեղեկությունների՝ նոր կայքը ստեղծել է թվային ծառայություններ մատուցող Campaign Nucleus ընկերությունը, որի հիմնադրիրն է Թրամփի նախընտրական քարոզչության նախկին ղեկավար Բրեդ Փարսքալը։
Հայտնի է, որ ի տարբերություն Facebook-ի, Twitter-ը վերջնականապես արգելել է Թրամփի մուտքը հարթակ, իսկ YouTube-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահի հաշիվը կվերագործարկվի այն ժամանակ, երբ «իրական բռնության» սպառնալիքը նվազի։