Չենք կարող ձեռքներս ծալած նստել, երբ հանցագործություններ են լինում Հայաստանի և Արցախի դեմ. Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ ռազմագերիների սպանության համար
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ է, անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների կտտանքներին և նրանցից 19-ի սպանությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման, հայատյացության փաստերը:
«Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:
Սիրտս ցավում է 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ նրանց կողքից՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի գլխավորությամբ Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանցի լրագրողը ավելի վաղ կոչ էր արել «երկու «Գրադ»» արձակել և թույլ չտալ խաղաղապահներին մայիսի 9-ին Հաղթանակի շքերթ անցկացնել Ստեփանակերտում: