Մեծ Բրիտանիայում 50-ից բարձր տարիքի մարդկանց կառաջարկեն ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը. The Times
Մեծ Բրիտանիայի իշխանություններն աշնանը 50-ից բարձր տարիքի քաղաքացիներին կառաջարկեն ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը՝ սուրբծննդյան օրերին վարակի դեպքերի սրընթաց աճը կանխելու համար: Այս մասին հայտնում է The Times-ը։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ ներկայում Մեծ Բրիտանիայում գլխավոր բժիշկ Քրիս Ուիթիի ղեկավարությամբ անցկացվում են պատվաստանյութերի ստացման երկու հնարավոր տարբերակների փորձարկումներ: Առաջին տարբերակը ենթադրում է կորոնավիրուսի նոր շտամների դեմ պայքարելու համար ստեղծված պատվաստանյութերի օգտագործում։ Երկրորդ տարբերակը՝ երկրում արդեն իսկ հավանության արժանացած երեք դեղամիջոցներից մեկով՝ Pfizer-ով, AstraZeneca-ով, կամ Moderna-ով երրորդ անգամ պատվաստում։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, ավելի քան 34,6 մլն բրիտանացիներ արդեն իսկ ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։