«Կարծում էի՝ ամեն ինչ ավարտված է»․ Pink-ը խոստովանել է, որ կորոնավիրուսի բարդ ընթացքն իրեն ստիպել է կտակ գրել
Ամերիկացի հայտնի երգչուհի Pink-ը Heart Radio ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում վերհիշել է անցյալ տարի կորոնավիրուսի դեմ անձնական պայքարը՝ խոստովանելով, որ իր մոտ հիվանդության ընթացքն այնքան բարդ է եղել, որ նույնիսկ մի պահ կարծել է՝ չի ապաքինվի և որոշել է կտակ գրել։
41-ամյա փոփ աստղը, որը որդու՝ 4-ամյա Ջեյմսոնի հետ կորոնավիրուսով էր վարակվել անցյալ տարվա մարտին, ասել է․ «Գուցե անհավանական հնչի, բայց ամեն ինչ այնքան ծանր էր, որ կտակ գրեցի»։
«Երբ մտածում էի՝ իմ ու որդուս համար ամեն ինչ ավարտված է, զանգահարեցի լավագույն ընկերուհուս և խնդրեցի դստերս փոխանցել, որ իրեն շատ եմ սիրում։ Իսկապես սարսափելի էր։ Այդ պահին սկսում ես մտածել՝ որպես ծնող ի՞նչ եմ թողնում երեխայիս։ Ի՞նչ եմ սովորեցրել նրան և ինչպե՞ս է իր տեղը գտնելու այս կյանքում»,- խոստովանել է երգչուհին՝ նշելով, որ իր նոր՝ All I Know So Far ստեղծագործության հիմքում ընկած է մահին դեմառդեմ հանդիպելու փորձություն»։