Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունները դանդաղ, բայց առաջ են ընթանում․ Tehran Times
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (Իրանի միջուկային համաձայնագիր) համատեղ հանձնաժողովն ավարտել է բանակցությունների երրորդ փուլը և բանակցողները վերադարձել են իրենց մայրաքաղաքներ՝ հետագա խորհրդատվությունների համար, հայտնում է Tehran Times թերթը։
ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում առկա առաջընթացը համարել է «չափավոր» և հայտարարել, որ Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթ՝ շեշտելով, որ «մանրամասներն ավելի բարդ են»։
Միջազգային կազմակերպությունների Վիեննայում գործող գրասենյակներում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հայտարարել է, որ բանակցությունների հարցում ոգևորվելու համար դեռևս վաղ է, սակայն լավատեսորեն մոտենալու հիմքեր կան։
Անանուն եվրոպացի քաղաքական գործիչը նշել է․ «Մեզ շատ աշխատանք է մնացել անելու և քիչ ժամանակ»: Նա նաև հավելել է, որ կողմերը դեռևս պետք է հասկանան ամենակարևոր կետերը։
Բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու հաջորդ ուրբաթ, իսկ մինչ այդ փորձագետները Վիեննայում շարունակելու են բանակցություններն աշխատանքային խմբերի շրջանակներում՝ փորձելով մշակել համաձայնագրի տարրերը։