5 առանձնատուն, շքեղ ավտոմեքենաներ, արվեստի եզակի գործեր և մասնավոր ինքնաթիռներ․ Բիլ և Մելինդա Գեյթսերն ամուսնալուծության ֆոնին կբաժանեն իրենց 130 մլրդ դոլար կարողությունը (լուսանկարներ)
Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, նախօրեին հայտնել էին իրենց ամուսնալուծության մասին, որը 2019-ին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և նախկին կնոջ՝ ՄաքՔենզի Սքոթի ամուսնալուծությունից հետո կարողության բաժանման առումով ԱՄՆ-ում կդառնա երկրորդ խոշորագույնը, գրում է Daily Mail-ը։
Աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդուն՝ Գեյթսին (կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար) են պատկանում ԱՄՆ-ի տարբեր մասերում (Վաշինգտոն, Ֆլորիդա, Կալիֆոռնիա և Վայոմինգ) գտնվող հինգ առանձնատուն, որոնցից ամենաթանկը գնահատվում է 125 մլն դոլար, շքեղ ավտոմեքենաներ, այդ թվում՝ Porsche 959, Porsche 930 Turbo, Jaguar XJ6 և Ferrari 348, արվեստի եզակի գործերի հավաքածու, և մի շարք մասնավոր ինքնաթիռներ:
Գեյթսը նաև համարվում է Միացյալ Նահանգներում գյուղատնտեսական հողատարածքների խոշորագույն մասնավոր սեփականատերը՝ 18 տարբեր նահանգներում ավելի քան 97 934 հեկտար։
Թեև Մելինդա և Բիլ Գեյթսերն ավելի վաղ բազմիցս հայտնել են, որ իրենց կարողության մեծ մասը տրամադրելու են բարեգործությանը՝ իրենց երեխաներից յուրաքանչյուրին թողնելով 10-ական միլիոն դոլար՝ ամուսնալուծության գործընթացի ժամանակը զույգը ստիպված կլինի բաշխել իրենց կարողությունը, գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ նախօրեին Գեյթսն իր թվիթերյան էջում տեղադրել էր կնոջ հետ համատեղ հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասվում էր․ «Երկար մտածելուց և մեր հարաբերությունների վրա շատ աշխատանք կատարելուց հետո մենք որոշում կայացրինք դադարեցնել ամուսնությունը»։
Միաժամանակ զույգը նշել էր, որ կշարունակեն համագործակցել իրենց ստեղծած բարեգործական հիմնադրամի շրջանակում:
Բիլ Գեյթսը և Մելինդա Ֆրենչն ամուսնացել են 1994-ին: Նրանք ունեն երեք երեխա: