«Դիսնեյլենդ»-ը Սպիտակաձյունիկի մասին ներկայացման մեջ համբույրի տեսարանի պատճառով հայտնվել է քննադատությունների թիրախում (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին, որը գրեթե մեկ տարի չգործելուց հետո կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկումից հետո վերջերս կրկին վերաբացվել է, հայտնվել է քննադատությունների թիրախում․ «Դիսնեյլենդ»-ին մեղադրում են «բռնության մշակույթը քարոզելու համար», գրում է Daily Mail-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, «Դիսնեյլենդ» թեմատիկ այգում օրերս ցուցադրվել է Սպիտակաձյունիկի մասին ներկայացման նորացված տարբերակը, որտեղ արքայազնը, հեքիաթի և մույլտֆիլմի համաձայն, համբուրում է քնած Սպիտակաձյունիկին։
«Ճշմարիտ սիրո համբույրի» տեսարանը բարկացրել է շատերին, որոնց խոսքով՝ «արքայազնը Սպիտակաձյունիկին համբուրում է առանց համաձայնության, այն ժամանակ, երբ վերջինս քնած է»։
Քննադատներից մեկի խոսքով՝ «ներկայացումը երեխաներին սովորեցնում է, որ առանց դիմացինի համաձայնության վերջինիս համբուրելը բնական երևույթ է», մյուսի խոսքով էլ՝ «անհասկանալի է՝ ինչու է 2021-ին «Դիսնեյլենդ»-ը որոշել ներկայացմանն ավելացնել հին պատկերացումներ արտահայտող տեսարաններ»։
Նշվում է, որ այգու տնօրինությունը դեռևս չի պատասխանել քննադատություններին։