Ավելի քան 62 000 մարդ. Բայդենը բարձրացրել է փախստականների ընդունման այս տարվա սահմանաչափը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ավելացրել է փախստականների ընդունման սահմանաչափը՝ հասցնելով այն 62 500-ի: Այս մասին ասվում է պետության ղեկավարի հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Սա չեղարկում է նախկին վարչակազմի կողմից սահմանված պատմականորեն ցածր քվոտան՝ 15 000-ը, որը չի արտացոլում Ամերիկայի արժեքները ՝ որպես փախստականներին ողջունող և աջակցող երկիր: Փախստականների ընդունման նոր սահմանաչափը նաև կնպաստի ԱՄՆ-ի` փախստականներ ընդունելու հնարավորության ընդլայնման շարունակական ջանքերին, որպեսզի հաջորդ ֆինանսական տարում մենք կարողանանք հասնել 125 000 փախստական ընդունելու մեր նպատակին», - ասվում է փաստաթղթում:
Ընթացիկ ֆինանսական տարվա համար 15 000 մարդու քվոտան սահմանվել է հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս ցուցանիշը 1980 թվականից ի վեր ամենացածրն էր: