Մեքսիկայի նախագահը մայաների ժողովրդից ներողություն է խնդրել 500 տարվա ընթացքում կատարված հանցագործությունների համար (լուսանկար)
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, կառավարության և իր անունից, ներողություն է խնդրել մայաների ժողովրդից նվաճողական, գաղութային և ժամանակակից պետության ժամանակաշրջաններում նրանց դեմ կատարված հանցագործությունների համար, մինչդեռ մայաների ներկայացուցիչն առաջարկել է հայտարարությունը փոխակերպել ի պաշտպանություն բնիկ ժողովուրդների իրավունքների: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այստեղ, պետական էթիկային համապատասխանելու անհրաժեշտությունից ելնելով և մեր սեփական համոզմունքների համաձայն, մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մայաների ժողովրդից նվաճողական, 3 դարերի գաղութային և 200 տարվա անկախ Մեքսիկայի ժամանակաշրջաններում առանձին անհատների և ազգային իշխանությունների կողմից կատարված սարսափելի հանցագործությունների համար»,-ասել է քաղաքական գործիչը Կարիբյան Կինտանա-Ռոո նահանգում տեղի ունեցած արարողության ժամանակ:
Արարողությանը քաղաքական գործչին ուղեկցում էին Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին, 5 նահանգի նահանգապետ ու դաշնային նախարարներ: Ըստ Լոպես Օբրադորի, բոլորի համար ամոթ է, որ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդները, և ոչ միայն յակերը կամ մայաները, տառապել են գաղութարարներից և նրանց հետնորդներից, «դարձել են մեծագույն դաժանության զոհեր»:
Մայաների ներկայացուցիչ Անա Ձիբը իր պատասխան խոսքում խնդրել է նախագահին այս ներողությունները ներկայացնել հստակ գործողությունների տեսքով ՝ բնիկ ժողովուրդներին պաշտպանելու համար. ստեղծել «Հիշատակի և ճանաչման հանձնաժողով», բնիկ ժողովուրդների զարգացման ծրագիր՝ նրանց հրատապ խնդիրները լուծելու համար, ինչպես նաև ապահովել, որ արժանապատվությունն ու մարդու իրավունքները պաշտպանված լինեն, որպեսզի անարդարությունն ու խտրականությունը երբեք չկրկնվեն: