Մամուլի ազատության օրը, երբ ողջ օրը շնորհավորանքի խոսքեր էր ասում, Փաշինյանը հին ու հոգնած ոճով մեղադրում էր բոլորին, իրեն քննադատողներին ծախված անվանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելով՝ մեծ թվով մարդկանց ճնշումը բարձրանում է, սիրտը՝ վատանում։ Լսել այսքան մանիպուլյացիա, սուտ, վիրավորանք, անհեթեթ մեղադրանքներ ու արդարացումներ՝ շատ բարդ է։ Երեկվա ելույթի ամեն մի հատվածը մի սրտի կաթված էր, բայց կանդրադառնամ միայն մամուլին վերաբերող մասին։
Ընդ որում, այդ վիրավորական տեքստն արտաբերում էր Մամուլի ազատության համաշխարհային օրը, երբ մենք ողջ օրը շնորհավորանքներ և գնահատանքի խոսքեր էինք ստանում տարբեր մարդկանցից։ Իսկ երկրիս վարչապետը հին ու հոգնած ոճով մեղադրում է բոլորին, իրեն քննադատողներին ծախված անվանում, հայտարարում, որ ինքն է մեզ տվել խոսքի ազատությունը։
Ասում է․ «Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում, դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, ինչո՞ւ չէիք խոսում: Հակառակը՝ կերակրատաշտը ձեզ փայը շպրտում էր, հավաքում էիք, դուք էլ ձեր տներն էիք առնում: Բա ինչո՞ւ չէիք խոսում: Որովհետև մամուլի ազատության օրն այսօր չի ստեղծվել, շատ վաղուց է ստեղծվել:
Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին և երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից և մարմիններից: Այո, մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը: Որովհետև կերակրատաշտը ձեզ համար ավելի կարևոր է, քան որևէ ազատություն»:
Ասում են՝ լեզուն ոսկոր չունի, ինչ ասես՝ կարող է օդ նետել։ Բայց եթե «փայը հավաքելու» մասին խոսք գնաց, ապա չենք կարող չհիշել, որ միակ դեպքը, որ նախկինները խոստովանել են և անգամ քրեական հետապնդումից չխուսափելով բացեիբաց հայտարարել՝ հենց Փաշինյանի «Հայկական ժամանակին» «վճարելու» մասին է եղել։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի խոստովանության մասին է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։