Նախընտրական համաներում․ իրավապահ համակարգն ավելի կողմ է, որ համաներվեն 44-օրյա պատերազմի ժամանակ մազապուրծ եղածները, ոչ թե հայրենիքից փախածները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է
«ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջացրել է իրավապահ համակարգի դժգոհությունը: Այն այսօր պետք է քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում: Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ օրենքը կարող է տարածվել 5131 քաղաքացու նկատմամբ։ Սակայն դեռ խորհրդարան չհասած՝ արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ համակարգում արդեն իսկ դժգոհում են, թե պետք է համաներում կիրառվի ոչ թե երկիրը լքած տղաների, այլ 44-օրյա պատերազմի ժամանակ անհավասար մարտից մազապուրծ եղածների նկատմամբ, որոնք մեղադրվում են մարտական դիրքը լքելու համար։ Նշենք, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2020 թվականի տարեկան զեկույցի, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով հարուցվել է 1445 քրեական գործ:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվը ավելի մեծ է, այն հասնում է մոտ 8 հազարի: Եվ, ահա, իրավապահ համակարգն ավելի կողմ է, որ համաներվեն այս մարդիկ, ոչ թե հայրենիքից փախածները, որոնք հիմա իշխանություններին պետք են ընտրական գործընթացներին մասնակցելու համար»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։