ԱԱԾ նախկին տնօրենների նախաձեռնությունն արդեն գրանցված է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ապրիլի 1-ին գրել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։ Նախաձեռնությունն արդեն գրանցված է, կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Այն նաեւ գրասենյակ ունի։
Հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը եւ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Խորհրդի անդամներից է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Մայիսի 7-ին նրանք ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու գործունեության նպատակները։ Շաբաթ օրը ՀԿ անդամները նիստ են արել եւ խորհրդի նախագահ ընտրել Հրանտ Եպիսկոպոսյանին։ Թե ինչու հենց Եպիսկոպոսյանին, Միքայել Համբարձումյանը բացատրեց․ «Մենք զինվորական աստիճանակարգությունը հարգող մարդիկ ենք, Եպիսկոպոսյան Հրանտը գեներալ-լեյտենանտ է, եւ, բնականաբար, ինքն էլ պետք է խորհրդի կազմը ղեկավարեր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: