«Չի կարելի միայն մտածել սեփական անձի մասին»․ արքայազն Հարին աշխարհի առաջնորդներին կոչ է արել COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդարացի բաշխել
Նախօրեին Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքի «ՍոՖի» մարզադաշտում Հոլիվուդի աստղերի մասնակցությամբ տեղի է ունեցել Global Citizen: Vax Live համերգը, որի նպատակն էր համաշխարհային առաջնորդներին կոչ անել COVID-19 պատվաստանյութի արդարացի բաշխում իրականացնել, ինչպես նաև գումար հավաքել աշխարհում վարակի հետևանքով տուժած ընտանիքիների համար։
Միջոցառմանը մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ արքայազն Հարին, որն իր ելույթի ժամանակ մարդկանց կոչ է արել «միմյանց կարեկցանքով վերաբերվել», գրում է The Guardian-ը։
«Մեզնից ոչ ոք չպետք է մտածի միայն սեփական անձի մասին, երբ այսքան շատ մարդիկ տառապում են։ Իրականում, և հատկապես համավարակի օրերին, երբ որևէ մեկը տառապում է, տառապում ենք բոլորս։ Մենք պետք է կարեկցանքով վերաբերվենք բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց»,- ասել է արքայազնը։
Սասեքսի դուքսը նաև գովել է աշխարհի բուժաշխատողների քաջությունն ու շնորհակալություն հայտնել անգնահատելի աշխատանքի համար, ինչպես նաև աշխարհի առաջնորդներին կոչ է արել պատվաստանյութը հավասարապես բաշխել բոլոր երկրների բնակիչներին։
«Դուք վերջին մեկ տարում քաջաբար ու անձնուրաց կերպով մարտնչել եք՝ մեզ բոլորիս պաշտպանելու համար։ Դուք ծառայել և զոհաբերել եք ինքներդ ձեզ, վտանգի եք ենթարկել ձեր կյանքը և գործել եք համարձակորեն՝ քաջ գիտակցելով դրա գինը: Մենք ձեզ պարտական ենք, շնորհակալություն»,- ասել է արքայազն Հարին:
Հայտնի է, որ միջոցառման ընթացքում հավաքվել է 53,8 մլն դոլար, որը փոխանցվել է աղքատ երկրներին պատվաստանյութեր տրամադրող Covax ընկերությանը։ Միջոցառման ժամանակ ուղերձներ են հղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։