Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է «երկիրը թողնել բախտի քմահաճույքին». Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է «հսկայական հետևանքների» մասին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է երկրի նախագահ Ջո Բայդենի՝ զորքերը Աֆղանստանից դուրս բերելու որոշման «հսկայական հետևանքների» մասին։
«Դե, որոշումն արդեն կայացել է։ Եվ ես գիտեմ՝ շատ դժվար որոշում էր»,- CNN-ի եթերում ասել է Քլինթոնը` նշելով, որ և՛ զորքերի մնալու, և՛ դուրս բերելու դեպքում լինելու են ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի հետևանքներ։
Քլինթոնը, մասնավորապես, նշել է «երկու հսկայական հետևանքների» մասին, այդ թվում՝ «Քաբուլի հնարավոր փլուզումն ու թալիբների իշխանության զավթումը և գլոբալ ահաբեկչական գործունեության վերսկսումը»։
«Ես կարծում եմ, որ այս երկու հսկայական խնդիրները պետք է լուծվեն»,- ասել է նախկին պետքարտուղարը՝ նշելով, որ Աֆղանստանում անվտանգությանը և աֆղանստանցի զինվորականներին աջակցող ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է «երկիրը թողնել մեծամասամբ բախտի քմահաճույքին»։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցների հետ համակարգմամբ մինչև մայիսի 1-ը կսկսի և մինչև սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը: 2020 թվականին ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ: