«ՌԴ-ն այժմ ավելի է ընդլայնում ռազմական կարողություններն Արկտիկայում, քան «սառը պատերազմից» ի վեր ցանկացած պահի». ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է՝ հարցը կքննարկվի գագաթնաժողովում
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) խոսնակ Օանա Լունգեսկուն հայտարարել է՝ հունիսյան գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրները կքննարկեն Արկտիկայում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ռազմամթերքի կուտակմանն առնչվող հարցեր, հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland-ը:
Լունգեսկուի խոսքով՝ Ռուսաստանն այժմ ավելի է ընդլայնում իր ռազմական կարողություններն Արկտիկայում, քան «սառը պատերազմից» ի վեր ցանկացած պահի:
«Նախկինում գործող խորհրդային ռազմական բազաները վերաբացվում են, և կառուցվում են նորերը»,- ասել է նա:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը զգալիորեն արդիականացրել է իր հյուսիսային նավատորմը, այդ թվում՝ բոլոր սուզանավերը: Բացի այդ, ՌԴ-ն ներմուծում է նոր սպառազինության համակարգեր, այդ թվում՝ «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հագեցած լինել միջուկային զենքով և ռադարների նոր կայանքներով:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 14-ին` Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ՆԱՏՕ-ի գործունեության արդիական խնդիրները, ինչպես նաև դաշինքի օրակարգը մինչև 2030 թվականը, այդ թվում՝ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչության սպառնալիքը, հաքերային հարձակումները, նոր և վնասակար տեխնոլոգիաները, կլիմայի փոփոխության ազդեցությունը անվտանգության վրա, ինչպես նաև չինական ագրեսիայի աճը»:
ԱՄՆ-ի զինվորականներն ու դիվանագետները բազմիցս հայտարարել են, որ մտահոգված են Արկտիկայում Ռուսաստանի ազդեցության աճով: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Արկտիկայում կարող է «հակամարտության նոր թատրոն» առաջանալ Ռուսաստանի աճող դերի պատճառով: