«ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշմանը». Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS-ին տված հարցազրույցում հայտնել է՝ Միացյալ Նահանգներն «ուշադիր հետևում է» Ուկրաինայի սահմաններից Ռուսաստանի զինված ուժերի հետքաշմանը:
«Ուկրաինայի սահմանին ավելի շատ ուժեր են կենտրոնացված, քան ցանկացած պահի մինչ 2014 թվականը: Չեմ կարող ասել, որ տեղյակ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրություններին: Անթիվ տարբերակներ կան այս իրավիճակում նրա պահվածքի առումով ... Այնուամենայնիվ, այն, ինչ մենք կարող ենք դիտարկել վերջին մի քանի օրերի ընթացքում, ակնհայտորեն, որոշ զորքերի հետքաշման մասին որոշում է, և նրանց մի մասն արդեն իսկ սկսել է դուրս բերվել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը և հայտարարել ԱՄՆ-ն՝ «ուշադիր հետևում է» դրան:
Հիշեցնենք՝ Բլինկենը մայիսի 5-6-ին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Րիքերի խոսքով՝ առաջիկա շփումների ընթացքում Բլինկենը կվերահաստի ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը «ռուսական ագրեսիայի» պայմաններում:
Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան երկրները նախկինում բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: 2015-ի հունվարին Գերագույն ռադան հայտարարություն էր տարածել, որում Ռուսաստանի Դաշնությանն անվանել էր «ագրեսոր երկիր»: Ռուսաստանը հերքում է Կիևի ու Արևմուտքի մեղադրանքները և դրանք անընդունելի համարում: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ուկրաինական ներքին հակամարտության կողմնակից չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արևմտյան պետությունները վերջերս անհանգստություն են հայտնել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ ակտիվացման կապակցությամբ: Վաշինգտոնը հայտարարել էր «ռուսական ագրեսիայի» սրման ու ռուսական զորքերի տեղաշարժի մասին Ղրիմում և Ուկրաինայի արևելյան սահմանին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախապես հայտարարել էր, որ ՌԴ-ն զորքեր է տեղափոխում իր տարածքում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ սա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի ոչ ոքի: