Բիլի Այլիշն առաջին անգամ հայտնվել է հեղինակավոր Vogue ամսագրի շապիկին (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշն առաջին անգամ հայտնվել է հեղինակավոր Vogue ամսագրի շապիկին։
«Ես սիրում եմ այս լուսանկարները։ Արա այն, ինչ ուզում ես, երբ ուզում ես։ Մնացած ամեն ինչ՝ գրողի ծոցը»,- Instagram-ում հրապարակելով լուսանկարները՝ գրել է երգչուհին։
British Vogue-ին տված հարցազրույցում Այլիշը խոստովանել է՝ նոր շեկ վարսերով իրեն «ավելի կանացի է զգում»։ 19-ամյա երգչուհու խոսքով՝ այն իրեն նոր շունչ է հաղորդել։
Տարիներ շարունակ «օվերսայզ» զգեստներ կրող և մարմինը «թաքցնող» երգչուհին, որը հաճախ է բարձրաձայնում բոդիշեյմինգի (bodyshaming- խտրականություն` մարդկանց մարմնի կառուցվածքի հիման վրա) անթույլատրելիության մասին, երկրպագուներին խորհուրդ է տվել՝ «անել, հագնվել, շպարվել այնպես, ինչպես իրենց դուր է գալիս»։
«Եթե ցանկանում եք վիրահատություն անել, արեք։ Եթե ցանկանում եք հագնել մի զգեստ, որը ինչ-որ մեկի կարծիքով՝ մեծի տեսք է հաղորդում, կրեք այն»,- հավելել է երգչուհին։
Նշենք, որ Այլիշը ֆոտոսեսիայի համար կրել է Agent Provocateur և Gucci նորաձևության տան ներքնազգեստներ։