Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում երբեմն մոռանում են՝ «ինչու են զորքեր մտցրել Աֆղանստան»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ երբեմն ԱՄՆ-ում մոռանում են՝ որն է եղել 20 տարի առաջ Աֆղանստան զորք մտցնելու սկզբնական պատճառը:
«Մենք Աֆղանստանում ենք արդեն 20 տարի և երբեմն մոռանում ենք՝ ինչու էինք ի սկզբանե այնտեղ զորք մտցրել, պատասխանը՝ միջոցներ ձեռնարկելու նրանց դեմ, ովքեր սեպտեմբերի 11-ին հարձակում էին իրականացրել մեզ վրա։ Եվ մենք դա արեցինք»,- նշել է Բլինկենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական էջում։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի երկրների զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման իշխանության գալու հնարավորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման:
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրանք շատ են։ Եվ մենք դրանք դիտարկում ենք շատ հստակ կերպով»,- նշել է նա։
Բլինկենը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի հեռանում երկրից:
«Այն, որ մեր զորքերը վերադառնում են տուն, չի նշանակում՝ մենք հեռանում ենք։ Մեր դեսպանատունը մնում է, մնում է այն օգնությունը՝ տնտեսական աջակցություն, զարգացման աջակցություն, հումանիտար օգնություն, որը մենք տրամադրում ենք Աֆղանստանին։ Եվ ոչ միայն մեզնից, այլև մեր գործընկերներից ու դաշնակիցներից»,- հավելել է Բլինկենը։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցների հետ համակարգմամբ մինչև մայիսի 1-ը կսկսի և մինչև սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը: 2020 թվականին ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ: