Ռուսաստանը նախատեսում է Sputnik V պատվաստանյութի շուրջ 3 միլիոն դոզա հատկացնել Հնդկաստանին
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը նախատեսում է այս ամիս Հնդկաստան ուղարկել մոտ 3 միլիոն դեղաչափ ռուսական Sputnik V պատվաստանյութ։ Այս մասին, այսօր հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ապրիլին,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու որոշման մասին, ներառյալ բժշկական սարքավորումներ և դեղորայք։
«Այսօր մենք պատվաստանյութի առաջին խմբաքանակն ենք ուղարկել՝ շուրջ 150 հազար դեղաչափ: Բայց մենք նախատեսում ենք այս ամիս մատակարարել մոտ 3 միլիոն դեղաչափ»,-ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահը։
Դմիտրիևը նաև հավելել է, որ Հնդկաստանում կսկսվի Sputnik V պատվաստանյութի լայնածավալ արտադրությունը, և ըստ նրա նախատեսվում է մինչև հունիս-հուլիս ամիսներին ամսական մոտ 50 միլիոն դեղաչափ արտադրել:
Sputnik V-ն Հնդկաստանում օգտագործվող երրորդ պատվաստանյութն է: Մինչ այժմ իմունականխարգելման համար կիրառվել է երկու դեղամիջոց ՝ Covishield, որը մշակվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից և Covaxin՝ հնդկական Bharat Biotech ընկերության արտադրության։