Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ նախկին ղեկավարի «աջ ձեռքը»
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալին, որը նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աջ ձեռքն էր: Այս մասին հայտնում է Yeni Safak թերթը:
Գործողությունն իրականացվել է Թուրքիայի ոստիկանության եւ ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից Ստամբուլի Աթաշեհիր շրջանում: Զինյալը բերման է ենթարկվել տնից դուրս գալուց հետո, մինչ այդ նա երկար ժամանակ գտնվում էր հսկողության տակ:
Իրավապահները խուզարկել են այն բնակարանը, որտեղ ապրում էր ձերբակալվածը: Առգրավվել են բջջային հեռախոսներ, թվային նյութեր և լուսանկարներ:
Ահաբեկիչը Թուրքիա է մտել երեք տարի առաջ կեղծ փաստաթղթերով: Նա պատասխանատվություն էր կրում խմբավորման ռազմական ենթակառուցվածքների համար, մասնակցում էր սիրիական բազմաթիվ ահաբեկչությունների և պատրաստում էր գրոհայիններին: