ԱՄՆ նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել «Մոսսադի» ղեկավարի հետ
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Վաշինգտոնում գտնվող «Մոսսադ» իսրայելական արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Յոսի Քոենի հետ, ընդ որում՝ բանակությունները նախապես պլանավորված չէին: Այդ մասին գրում է Axios լրատվականը:
Հայտնի չէ՝ երբ է անցկացվել Բայդենի եւ Քոենի հանդիպումը՝ ուրբաթ Ամերիկայի առաջնորդի եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջեւ կայացած հեռախոսազրույցից առաջ, թե հետո: Պարբերականի տվյալներով՝ Քոենը տեղեկացրել է Նեթանյահուին Իրանի թեման քննարկելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի Քոենը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հատուկ ծառայության ղեկավարը «խորին մտահոգություն» է հայտնել միջուկային ոլորտում Իրանի գործունեության կապակցությամբ: Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել Բլինքենի եւ Քոենի միջեւ խորհրդակցությունների փաստը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը գտնվում են սերտ շփման մեջ: