Միացյալ Նահանգներին հակազդելու համար անհրաժեշտ է կուտակել զսպման հզոր ուժեր. ԿԺԴՀ
Կորեական թերակղզու համար իրական սպառնալիք է ԱՄՆ-ն, որին առաջիկայում ճգնաժամ է սպասվում, եթե շարունակի «հին եւ հետամնաց» քաղաքականությունը, հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ-ի ԱՄՆ-ի հարցերով ստորաբաժանման ղեկավար Քվոն Չժոն Գինը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գինի խոսքով՝ Բայդենը «բավականին մեծ սխալ է» թույլ տվել իր հայտարարություններում: Այժմ, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության ուղղվածությունը պարզ է, Փհենյանում «ստիպված են ձեռնարկել համապատասխան միջոցներ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի դիվանագիտությունը միայն «բարեհունչ օրակարգ է» թշնամական գործողությունները քողարկելու համար, իսկ «ԱՄՆ-ին զսպելը»՝ սպառնալիքների դեմ գործիք:
Քվոն Չժոն Գինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտում է ԿԺԴՀ-ի ինքնիշխանությունը՝ դատապարտելով ԱՄՆ-ի զսպման համար նախատեսված պաշտպանական ուժերը, մինչդեռ անդադար սպառնում են Հյուսիսային Կորեային միջուկային զենքով: «Միջուկային ուսումնական մանեւրերը, որոնք ձեռնարկել է ԱՄՆ նոր վարչախումբը մեր դեմ իշխանության գալուց անմիջապես հետո, իրականում ցույց են տալիս, թե ով է սպառնում Կորեական թերակղզում, եւ եւս մեկ անգամ հաստատում, որ Միացյալ նահանգներին հակազդելու համար անհրաժեշտ է կուտակել զսպման հզոր ուժեր»,-հայտարարել է հյուսիսկորեացի պաշտոնյան:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի եւ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերը ներկայացնում են լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի եւ աշխարհի անվտանգության համար: Նա խոստացել է հակադրել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին «դիվանագիտությունն ու կոշտ զսպումը»: