Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի Օլիմպիական խաղերից հետո
Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից հետո: Այդ մասին գյումրեցի բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում:
Բաչկովը նախորդ մենամարտն անցկացրել էր ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր: Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։