Կողմերը սկսել են աշխատել տեքստերի շուրջ. Աբաս Արագչի
Կողմերը սկսել են աշխատել փաստաթղթերի տեքստերի նախնական տարբերակների շուրջ, որոնք վերաբերում են հարցերին, որոնց շուրջ համաձայնություն է ձեռքբերվել: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար եւ գլխավոր բանակցորդ Աբաս Արագչին՝ ներկայացնելով Վիեննայում ՀՀԳԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքները, գրում է Тasnim News-ը:
«Այստեղ գործերը շատ դանդաղ են առաջ գնում, քանի որ տեքստի կազմումը հստակություն է պահանջում: Փոխնախարարի խոսքով՝ բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է որոշակի պարզություն մտցնելով՝ չնայած դեռեւս անհրաժեշտ է անցնել երկար եւ բարդ ճանապարհ: «Կարող եմ ասել, որ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել հստակություն ինչպես վիճելի հարցերի, այնպես էլ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կա համաձայնություն»,-նշել է Արագչին: Նա նշել է, որ երրորդ փուլն իրենից ներկայացրել է շատ ինտենսիվ բանակցություններ տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով՝ հավելելով, որ տեխնիկական հարցերի քննարկումների ընթացքում կողմերի դիրքորոշումները դարձել են ավելի հստակ եւ կոնկրետ:
Արագչին նշել է, որ չնայած բարդ է կանխատեսել՝ կկարողանան արդյոք կողմերը հասնել համաձայնության 2015 թվականի փաստաթուղթը լիովին վերականգնելու շուրջ, սակայն «ցանկացած համաձայնագրի ձեւաչափը միանշանակ կհամապատասխանի իրանական ինթեբլիշմենթի դիրքորոշմանը»: Նա նաեւ հայտարարել է, որ ներկայում ձեռքբերված համաձայնությունների հիման վրա բոլոր պատժամիջոցները, որոնք ուղղված են որոշակի ոլորտներին, ինչպես էներգետիկ, ֆինանսական, բանկային ու ապահովագրական ոլորտները, պետք է չեղարկվեն: Սակայն անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների երկար ցանկի մասին բանակցությունները դեռեւս շարունակվում են, նշել է նա՝ հավելելով, որ Իրանը նաեւ ձգտում է նրանց բացառել այդ ցուցակից: