New In Chess Classic. Արոնյանն ու Մամեդյարովը չպարզեցին հաղթողին
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշարի՝ New In Chess Classic-ի երրորդ տեղի համար մրցամարտի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ՝ 2:2:
Առաջին ու երրորդ պարտիաներում հաղթեց հայ գրոսմայստերը, իսկ մյուս երկուսում՝ Մամեդյարովը: Պատասխան պարտիաները կանցկացվեն մրցաշարի վերջին օրը՝ մայիսի 2-ին:
Եզրափակիչի առաջին խաղային օրը Մագնուս Կարլսենը 3:1 հաշվով ուժեղ գտնվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայից:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ուեսլի Սոյին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր Մագնուս Կարլսենին:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար, երկրորդը՝ 15 հազար, երրորդը՝ 8500, իսկ չորրորդը՝ 6500: