Ամուսնալուծության հայց․ Լյուբով Ուսպենսկայայի ամուսինը նրա ունեցվածքից մասնաբաժին է ուզում
Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան բաժանվել է գործարար Ալեքսանդր Պլակսինից, սակայն զույգը մինչ օրս պաշտոնապես չի ձեւակերպել ամուսնալուծությունը: Այժմ դա սպառնում է երգչուհուն։
Երգչուհու ընտանիքի բարեկամ, հայտնի փաստաբան Ալեքսանդր Բենխինը պատմել է, որ Պլակսինն ամուսնալուծության հայց է ներկայացրել, որում նշել է ունեցվածքի բաժանման ժամանակ իրեն հասանելիք բաժինը:
«Նրանք վաղուց միասին չեն ապրում, արդեն մի քանի տարի է։ Վերջերս Պլակսինից հայց է եկել գույքի բաժանման մասին: Նա հավակնում է ունեցվածքի կեսին։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Դա արվել է ստոր ձեւով, անսպասելի։ Ուսպենսկայայի փաստաբանները փորձել են կապ հաստատել նրա իրավաբանների հետ, սակայն ապարդյուն», - փաստաբանի խոսքը մեջբերում է Teleprogramma.pro կայքը։
Սակայն Բենխինը պնդում է, որ այդ դեպքում կիսվելու է ոչ միայն Ուսպենսկայայի «ռուսական» անշարժ գույքը, այլ նաեւ Պլակսինի «ամերիկյան» սեփականությունը։
«Եթե նա ուզում է ամեն ինչ կիսել այստեղ, ապա պետք է բաժանել նաեւ այդ ընտանիքի ամերիկյան ընդհանուր ունեցվածքը։ Կա բնակարան, որն արժե մի քանի միլիոն դոլար։ Պլակսինն այժմ պնդում է, որ դա իր քրոջ բնակարանն է», - պարզաբանել է փաստաբանը։
Ըստ իրավապաշտպանի՝ Պլակսինը նշված բնակարանի ձեւակերպման ու վերաձեւակերպման ժամանակ բազմաթիվ խարդախություններ է արել։
Հարկ է նշել, որ Լյուբով Ուսպենսկայան իր գործը հանձնարարել է վարել հայտնի փաստաբան Ելենա Սենինային: