Ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է մայիսմեկյան ցույցերի հարյուրավոր մասնակիցների
Թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել մայիսմեկյան ցույցերի անցկացումը Ստամբուլում, իրավապահների գործողությունների արդյունքում հարյուրավոր մարդիկ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել:
Ինչպես գրում է թուրքական Ahval գործակալությունը, Մայիսի 1-ն ավանդաբար նշվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում արհմիությունների եւ քաղաքական խմբերի հանրահավաքով: Սակայն վերջին տարիներին իշխանությունները արգելում էին ցույցերի անցկացումը այս հրապարակում: Այսօր Ստամբուլի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները սահմանափակել են մարդկանց մուտքը հրապարակ: Բախվելով ցուցարարներին, ովքեր փորձել են հրապարակ ներխուժել մոտակա փողոցներից, ոստիկանությունը ուժ է կիրառել եւ բերման ենթարկել ցույցի մասնակիցներին։
Ժամանակակից իրավաբանների ասոցիացիայի Ստամբուլի բաժանմունքի տվյալներով՝ շաբաթ օրը բերման է ենթարկվել շուրջ 230 մարդ: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երեւում է, թե ինչպես է ոստիկանությունը ուժով զսպում պաստառներով, «Կեցցե՛ մայիսի 1-ը» վանկարկող մարդկանց խմբերին։