Լարիսա Դոլինայի ու Արման Հովհաննիսյանի տեսահոլովակի բեքսթեյջը, երգչուհու երևանյան «արկածներն» ու կարոտը՝ քաղաքի ու հայերենի նկատմամբ (Տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 30-ին, կայացավ Արման Հովհաննիսյանի ու ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Լարիսա Դոլինայի զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: «Дочка моя» երգի հեղինակներն են Կարեն-Սեւակ դուետը, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:
Նախագծի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը NEWS.am STYLE-ին բացառիկ ֆոտոշարք է տրամադրել տեսահոլովակի նկարահանումների բեքսթեյջից, ինչպես նաև՝ պատմել զուգերգի իրականացման աշխատանքների ու Դոլինայի երեւանյան տպավորությունների ու «արկածների» մասին:
«Ինձ զանգահարեցին իմ լավ ընկերները` Կարենը եւ Սեւակը, ասացին, որ ունեն շատ լավ գործ, որի երաժշտությունն իրենք էին հեղինակել, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Նրանց մտահաղացումն էր, որ Արմանը զուգերգ ներկայացնի ռուսական շոու-բիզնեսի լավագույն կատարողներից մեկի հետ: Արմանի հետ մեկ-երկու տարի առաջ քննարկումներ ունեցել էինք այդ թեմայով, տարբեր երգչուհիների մասին էինք խոսել, սակայն չէինք կողմներոշվում՝ ում հետ իրականացնել այդ գաղափարը, բայց երբ երգն արդեն պատրաստ էր, ավելի հեշտ էր գտնել այն մարդուն, որի ձայնային տվյալներին այն ավելի հարմար կլիներ: Տղաներն էլ համաձայնեցին իմ առաջարկին, ու ստացվեց Դոլինայի հետ զուգերգը: Իհարկե, շատ մարդիկ են ջանքեր ներդնում, որպեսզի նման աշխատանք ստացվի, հատկապես, երբ խոսքը զուգերգի մասին է, բայց ամեն ինչ մեզ մոտ կազմակերպված ստացվեց»,-նշեց Սոֆիան:
Ռուս հայտնի երգչուհին որոշ տողեր կատարում է հայերենով. Սոֆիայի խոսքով՝ Դոլինային երկար համոզելու կարիք չի եղել, որպեսզի երգի հայերեն.
«Նրա հետ ամեն բան քննարկել էինք, մինչեւ ձայնագրման ստուդիա գնալը՝ այդ թվում՝ այն, որ երգն ունի նաեւ հայերեն հատված: Անկեղծ ասած՝ սկզբում, երբ Կարենը եւ Սեւակն առաջարկել էին, որ Դոլինան փորձեր հայերեն երգել, ես նրանց ոչինչ չէի խոստացել, ասել էի՝ տեղում կհասկանանք՝ կստացվի՞, թե՞ ոչ: Սակայն իմ լավ ընկեր Կոնստանտին Արչին ստուդիայում այդ «պարտականությունն» իր վրա վերցրեց ու շատ օգնեց մեզ: Լարիսա Դոլինան դեմ չէր այդ առաջարկին, նշեց, որ կփորձի դա անել, ու ամեն բան շատ լավ ստացվեց»:
Պարզվում է՝ երգչուհին անչափ կարոտել էր ոչ միայն հայերենը, այլեւ՝ Երեւանը, որտեղ տարիներ առաջ բնակություն էր հաստատել, եւ այստեղ բավական հետաքրքիր ժամանակ է անցկացրել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: