Հրապարակվել է Ռամզան Քադիրովի՝ 2020 թվականի եկամուտի հայտարարագիրը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը 2020 թվականին ավելի քան 381.19 մլն ռուբլի է վաստակել, ինչը երևում է նրա հայտարարագրից:
Ինչպես նշում է РБК-ն, Քադիրովի նախորդ հայտարարագրում 2019 թվականին արձանագրվել էր 147.99 մլն ռուբլի եկամուտ:
Այսպիսով, Չեչնիայի ղեկավարի եկամուտները 2020 թվականին ավելացել են 233.2 մլն ռուբլով կամ 2.57 անգամ:
Նշվում է, Քադիրովի կնոջ եկամուտը 2020 թվականին նվազել է 2019 թվականի համեմատ՝ 2.45 մլն ռուբլուց հասնելով 1.59 մլն ռուբլու:
Հայտարարագրում ընդգծվում է, որ Քադիրովի ընտանիքում 11 անչափահաս երեխա է մեծանում: Մեկ տարի առաջ նշվել էր 12 անչափահաս երեխայի մասին:
Երկու տարվա հայտարարագրում էլ գրված է, որ Քադիրովը երկու հողատարածք ունի՝ 3668 և 28 361 քառ. մետր մակերեսով, ինչպես նաև 2344,3 քառ. մետր մակերեսով բնակելի տարածք: Քադիրովի կինը 209.8 քառ. մետր մակերեսով բնակարան ունի: