ՌԴ-ն նախատեսում է «Սպուտնիկ V»-ի շուրջ 3 միլիոն դեղաչափ հատկացնել Հնդկաստանին
Ռուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամը նախատեսում է մայիսին Հնդկաստան ուղարկել մոտ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 միլիոն դեղաչափ։
Այս մասին այսօր BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք պատվաստանյութի առաջին խմբաքանակն ենք ուղարկել՝ շուրջ 150 հազար դեղաչափ: Բայց մենք նախատեսում ենք այս ամիս մատակարարել մոտ 3 միլիոն դեղաչափ»,- ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահը և հավելել՝ Հնդկաստանում կսկսվի «Սպուտնիկ V»-ի լայնածավալ արտադրություն:
Ըստ նախնական ծրագրի՝ երկրում մինչև հունիս-հուլիս ամիսներին ամսական մոտ 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կարտադրվի:
Հիշեցնենք՝ ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շեշտել էր Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու որոշման մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Սպուտնիկ V»-ն Հնդկաստանում կիրառվող երրորդ պատվաստանյութն է: Բացի այդ, երկրում օգտագործվում է բրիտանա-շվեդական AstraZeneca և հնդկական Bharat Biotech ընկերությունների մշակած դեղամիջոցները: