Մայիսմեկյան ցույցին Փարիզում 17 մարդ է ձերբակալվել
Փարիզում ավանդական դարձած մայիսմեկյան բողոքի ակցիային քաղաքի ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Չնայած անձրևային եղանակին, ցուցարարները վաղ առավոտից սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում, երգեր են երգել, պաստառներ ծածանել:
Բողոքի ակցիային մասնակցում էին պրոֆմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների անդամներ, ինչպես նաև «Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցներ: Նրանք գոռում էին. «Մենք այստեղ ենք»:
Ցուցարարներին փորձում էին վերահսկել ոստիկանները:
2018 թվականի նոյեմբերի 17-ից «Դեղին բաճկոնավորները» Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին կազմակերպում գրեթե ամեն շաբաթ: Սկզբում ցույցերն անցկացվում էին վառելիքի գնաճի դեմ պայքարելու նպատակով, իսկ հետո պահանջների ցանկն ընդլայնվել է: Ավանդական դարձած բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով: