«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». լույս է տեսել «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը (տեսանյութ)
Մեկ ժապավենի նման ընթերցողի աչքերի տակով կանցնի 60-ականների Երևանը ու կիմանա, թե ինչպիսինն է եղել այն և ինչ արժեքներով է առաջ շարժվել, եթե ձեռքը վերցնի Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գիրքը: Այն «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքն է, որի մտահղացման հեղինակները Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ու Վարդան Կարապետյանն են:
«Անի» հյուրանոցից մինչև Օղակաձև զբոսայգու և Կիևյան կամուրջ. Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի «Նախագիծ-2750» ծրագրով մայրաքաղաքի կենտրոնը նոր շունչ ու գույն ստացավ, իսկ այդ գաղափարի գլխավոր իրագործողներից մեկը ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանն էր: Հայաստանի վաստակավոր ճարտարապետի մասին մենագրության հեղինակը մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է:
«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը նպատակ ունի նոր սերնդին ներկայացնել 20-րդ դարի հայկական գեղանկարչության ու ճարտարապետության ոլորտներում մեծ հետք թողած գործիչներին: Գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանի փոխանցմամբ՝ հիմնադրամը պատրաստվում է ամեն տարի հրատարակել Խորհրդային Հայաստանին շունչ ու գույն հաղորդած գործիչների մասին մենագրություններ: Աշնանը լույս կտեսնի «ՀայՖիլմ»-ի ամենահայտնի դեմքերից կինոռեժիսոր և նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի մասին գիրքը: Իսկ մինչև այդ «Նյումեգ» հրատարակչության կայքէջում (www.newmag.am) ընթերցողը կարող է ծանոթանալ ճարտարապետ Դարբինյանի մասին մենագրության առաջին 10 էջերին ու ձեռք բերել այն, որտեղ կտեսնի արխիվային բացառիկ նյութեր, գծագրեր և լուսանկարներ, որոնց շնորհիվ պրոֆեսոր, Կարեն Բալյանի համոզմամբ, կգիտակցի Երևանը տան նման պահպանելու և նրա քաղաքաշինական արժեքավոր մասունքները գնահատելու կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: